ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան պայմանավորվել են ԿԺԴՀ-ին համարժեք պատասխան տալ, եթե վերջինս որոշի հարվածել Հարավային Կորեային:

The New York Times-ի փոխանցմամբ՝ պլանը նախատեսում է անհապաղ համարժեք հակահարձակում իրականացնել ԿԺԴՀ-ի դեմ, որի ժամանակ հարվածներ կհասցվի Հյուսիսային Կորեայի դիրքերին ճիշտ նույն զինատեսակներով, որով ԿԺԴՀ-ն կհարվածի Հարավային Կորեային:

Հիշեցնենք, որ Սեուլը այս շաբաթավերջին հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն իր արեւելյան ափերի մոտ միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ է կուտակել: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խորհուրդ է տվել չհարվածել Հյուսիսային Կորեային, բացառությամբ այն դեպքի, երբ հայտնի դառնա, որ այդ բալիստիկ հրթիռների վրա միջուկային մարտագլխիկներ են տեղադրվել:

Ինչպես գրում է Gazeta.ru-ն, Պենտագոնում հայտարարել են, որ եթե հրթիռներն արձակվեն, ամերիկյան զինվորականները մի քանի վայրկյան առաջ կարող են որոշել դրանց ուղեգիծը, եթե դրանք ուղղվեն դեպի Հարավային Կորեա, Ճապոնիա կամ Գուամ: Եթե հրթիռներն ուղղված լինեն ծովի ուղղությամբ, ոչ մի պատասխան չի քայլ ձեռնարկվի:

Ճապոնիան եւս պատրաստվում է ԿԺԴՀ-ի կողմից հնարավոր հարվածներին, թեեւ դա այնքան էլ հավանական չի համարում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեան, հնարավոր է, պատրաստվում է չորրորդ միջուկային փորձարկմանը: