Ապրիլի 15-ին, Երեւանում առաջին անգամ տեղի կունենա «Հայ-կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն է  բարձրացնել Հայաստանում Հարավային Կորեայի տնտեսության վերաբերյալ իրազեկությունը, ներկայացնել հայ-կորեական տնտեսական հարաբերությունների պատմությունը եւ քննարկել հնարավոր զարգացումները:

Գիտաժողովը համատեղ կազմակերպել են Կորեական հիմնադրամը եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Գիտաժողովին բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի եւ Աֆրիկայի վարչության պետ պարոն Աշոտ Ոսկանյանը, ԵՊԼՀ ռեկտոր տիկին Գայանե Գասպարյանը, Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպանության խորհրդական Փակ Ջի Ընը: Սույն միջազգային գիտաժողովին զեկույցներով հայկական կողմից ելույթ կունենան ՀՀ էկոնոմիկայի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ պարոն Ալեքսանդր Ավետիսյանը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) Միության տնօրեն պարոն Արսեն Ղազարյանը, ԵՊԼՀ օտար լեզուների ֆակուլտետի դասախոս պարոն Փակ Հի Սուն, իսկ կորեական կողմը՝ Յոնսե համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հետազոտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Լի Յոնհոն:

Նիստը վարում է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ պարոն Ստեփան Գրիգորյանը: Զեկույցներին կհաջորդեն հարց ու պատասխան եւ ընդհանուր քննարկում: