Ապրիլի 6-ին Ստրասբուրգի քաղաքային երաժշտության դահլիճում ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո տեղի է ունեցել «AMALGAMME» ֆրանս-գերմանական նվագախմբի կազմակերպած բարեգործական համերգը, որի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում եւ Ֆրանսիայում սահմանափակ կարողությունների տեր երեխաներին:

Համերգին բացման խոսքով հանդես է եկել Արմեն Պապիկյանը: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ, Բադեն-Բադենի եւ Ֆրայբուրգի սիմֆոնիկ նվագախմբերին, ինչպես նաեւ Ստրասբուրգի իշխանություններին` համերգի կազմակերպման գործում ցուցաբերած եւ մարդասիրական այս ակցիային ակտիվ եւ հետեւողական մասնակցության համար:

Հայ անվանի դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ հնչել են Մոցարտի, Դվորժակի, Ելգարի, Էդվարդ Միրզոյանի եւ Կոմիտասի ստեղծագործությունները: Համերգին ներկա են եղել ԵԽ-ում հավատարմագրված դեսպաններ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգին իր մասնակցությունն է բերել հայտնի դաշնակահար Իգոր Չետուեւը: