Արյունոտ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրականացվեց հայերի նկատմամբ երիտթուրքերի կողմից, Analitika.at.ua-ի հետ զրույցում ասել է բուլղարացի փորձագետ-միջազգայնագետ Դիմիտար Սմոկովսկին` խոսելով այն մասին, որ 20-րդ դարը հիշվելու է նախկինում աննախադեպ ժողովուդների ոչնչացման ծավալներով` Հոլոքոսթ, գնչուների ոչնչացում, Կամբոջա, Ռուանդա…

Ըստ փորձագետի, բուլղարացիներն էլ իրենց «արյունոտ ապրիլն» են ունեցել` 1876թ. սպանդը Բատակայում եւ Կոպրիվշտիցեում: Եղել է նաեւ 1913թ. Թրակիայի բուլղարների տոտալ տեղահանումը, բայց տուժածների թիվն անհամեմատելի է Հայոց ցեղասպանության զոհերի հետ:

«Ցավոք, 2008թ. բուլղարական խորհրդարանը չկարողացավ հավանություն տալ «Ատակա» կուսակցության օրինագծին` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Այդ որոշումից դժգոհ քաղաքային խորհուրդները` Պլովդիվ, Բուրգաս, Ստարա Զագորա, Պազարջիկ, Շումեն, Վիդին, Դոբրիչ, Յամբոլ, Սիլիստրա, Լյասկովեց եւ Բյալա Սլատինա քաղաքներում հայերի սպանությունները ճանաչեցին որպես ցեղասպանություն:

Այսօր, Բուլղարիայի եվրոպամետ քաղաքական ուժերը լիովին արդարացիորեն ընդգծում են ֆրանսիական փորձը, երբ բարոյական պարտքն ու պատմական արդարությունը գերակայում են տնտեսական շահին»,- ասել է Դիմիտար Սմոկովսկին: