Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն եւ ավելի համալիր մոտեցում են պահանջում: Այս մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ համատեղ ասուլիսում: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ շոշափվել են նաեւ Կովկասում հավասարակշռությանը վերաբերող հարցեր:

Դավութօղլուի փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է մշտապես թափ հավաքի: Նա ընդգծել է այդ հարցում առաջընթացի անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ԼՂ խնդիրը կքննարկվի նաեւ հետագայում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ապրիլի 7-ին, իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ ժամանել է Ստամբուլ: