20-25 տարուց Հարավային Կովկասի երկրները կսկսեն համապատասխանել ԵՄ անդամներին ներկայացվող պահանջներին, եւ կդառնան ԵՄ անդամ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել բրիտանացի պատմաբան եւ հրապարակխոս Թիմոթի Գարտոն Էշը` խոսելով ԵՄ ընդլայնման հետագա քաղաքականության մասին:
Պատասխանելով հարցին, թե ապագան ինչ է պատրաստում ԵՄ եւ Ռուսաստանի միջեւ գտնվող երկրներին` Բելառուսին, Մոլդովային, Հարավային Կովկասի երկրներին, նա ասել է. «Դրանք այն երկրներն են, որոնցմասին կարելի է ասել, որքան ազատ լինեն, այնքան ուժգին կձգտեն դեպի Եվրամիություն»:
Պատմաբանը նկատել է, թե Եվրամիությունը կարիք ունի դեպի արեւելք նման ընդլայնման` հաշվի առնելով, որ նրա բաժինը մոլորակի բնակչության, նաեւ համաշխարհային տնտեսության մեջ նվազում է, իսկ ժողովրդագրական միտումները, հատկապես Արեւմտյան Եվրոպայում, անբարենպաստ են: «ԵՄ ընդլայնումը, իմ կարծիքով, պետք է վերաբերի նաեւ Ուկրաինային եւ Թուրքիային»,- ասել է նա եւ հավելել. «Դա կարեւոր է մի աշխարհում, որտեղ կան բուռն զարգացող երկրներ` Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան, Բրազիլիան, աշխարհում, որտեղ Արեւմուտքն ավելի քիչ ազդեցություն ունի, քան նախկինում»:




























