Հայաստան-Քանզաս նահանգային գործընկերության ծրագրի 10-ամյակին նվիրված` 2013թ. ապրիլի 3-ին ԱՄՆ-ի Քանզաս նահանգի Սենատի կողմից միաձայն ընդունվել է բանաձեւ: Բանաձեւում բարձր գնահատանքի է արժանացել վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի զինված ուժերի եւ Կանզասի ազգային գվարդիայի միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ այդ համագործակցության զարգացմանն ուղղված ՀՀ քաղաքական եւ զինվորական ղեկավարության ջանքերը: Բանաձեւում անդրադարձ է կատարվել նաեւ Կոսովոյում, Իրաքում ու Աֆղանստանում անվտանգության ու կայունության հաստատման ուղղված հայ խաղաղապահների ներդրմանը:

Հայաստան-Քանզաս Նահանգային գործընկերության ծրագիրը մեկնարկել է 2003թ.-ից: Համագործակցությունը հիմնականում իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության եւ Քանզասի ազգային գվարդիայի միջեւ հետեւյալ հիմնական ոլորտներում` ականազերծում, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ձեւավորում, ռազմական բժշկություն, ռազմական արդարադատություն, ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում խաղաղապահ բրիգադի գնահատման գործընթացի նախապատրաստմանը աջակցության ցուցաբերում եւ այլն:

Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Քանզաս նահանգը Հայաստանի հետ համագործակցություն է իրականացնում նաեւ առողջապահության, գյուղատնտեսության, օրենսդրական, իրավապահ, արտակարգ իրավիճակների եւ այլ ուղղություններով:

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ 2013թ.-ին Հայաստանում իրականացվելու է Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի 10-ամյակի տոնակատարությունը, որին Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարի հետ հրավիրվել է նաեւ Քանզասի նահանգապետը:

Կից ուղարկում ենք նաեւ բանաձեւը:

ՔԱՆԶԱՍԻ ՍԵՆԱՏԻ ԲԱՆԱՁԵՎ N 1751

Նկատի ունենալով, որ Ազգային գվարդիայի Նահանգային գործընկերության ծրագիրը հասել է ակնառու հաջողությունների ԱՄՆ եւ գործընկեր երկրների միջեւ անվտանգության համագործակցության վրա կենտրոնացած ռազմական հարաբերությունների հաստատման գործում, եւ

Հաշվի առնելով, որ Քանզասը հպարտ է ոգեկոչելու Քանզասի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում վերջին տասը տարիների ընթացքում արձանագրված հաջողությունները, եւ

Նկատի ունենալով, որ Քանզասը շարունակում է իր խորին հանձնառությունը` աջակցել անվտանգության համագործակցության միջոցառումներին եւ դեպի ավելի անվտանգ ու բարգավաճ ապագային ուղղված պաշտպանական բարեփոխումներին, եւ

Հաշվի առնելով, որ  Քանզասի ազգային գվարդիան ճանաչում է համագործակցության փոխշահավետությունը` 2003թ.-ից սկսած ավելի քան 300 զինվորական անձնակազմի եւ 70 քաղաքացիական անձանց փոխադարձ այցերը Քանզաս եւ Հայաստան, որոնք երկուստեք բարելավել են Հայաստանի եւ ԱՄՆ-ի փոխադարձ անվտանգությունը եւ կայունությունը, եւ

Նկատի ունենալով, որ Քանզասը ցանկանում է ճանաչել Նախագահ Սերժ Սարգսյանին եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին որպես առաջնորդների օրինակներ` ազգի, որը հայտնի է իր հյուրընկալությամբ, ինչպես նաեւ նրանց աջակցությունը`  Քանզաս - Հայաստան հարաբերությունների ընդլայնման տեսլականին` ի շահ երկու ժողովուրդների եւ պետությունների, եւ

Հաշվի առնելով, որ  Քանզասը երախտապարտ է եւ հարգում է հայ զինվորների եւ խաղաղապահների ծառայությունն ու զոհաբերությունը, ովքեր շարունակում են  իրենց ծառայությունը Միացյալ Նահանգների եւ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության ուժերի հետ Կոսովոյում, Իրաքում ու Աֆղանստանում, եւ

Նկատի ունենալով, որ Քանզասը հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ամեն տարի ապրիլի 24-ին, որը նշվում է որպես Հայաստանի հիշատակի օր, եւ

Հաշվի առնելով, որ Քանզասի ծագումով հայ քաղաքացիներն աշխատում իմաստության, քաջության եւ դարավոր ավանդույթների միջոցով հարստացնել մեր նահանգի համբավը` բիզնեսի, գյուղատնտեսություն, գիտություն, պետական եւ արվեստի ոլորտներում իրենց զբաղեցրած ղեկավար դերի միջոցով, եւ

Նկատի ունենալով, որ Քանզասը պարտավորվում է շարունակել տեւական հատուկ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ եւ ձգտում է ապագայում ընդլայնել համագործակցության հնարավորությունները, եւ

Հաշվի առնելով, որ Կանզասը հարգում է հայ ազգին եւ հայերին ամենուրեք եւ Քանզասն ու Հայաստանը միասին կանգնած են խաղաղության,

բարեկեցությանն ու ազատությանն ուղղված տեւական համագործակցությամբ, ուստի

Կանզաս նահանգի Սենատը որոշեց ոգեկոչել Հայաստան-Կանզաս գործընկերության 10-ամյակը եւ հանձնարարել Սենատի քարտուղարին, որպեսզի նշված բանաձեւի պատճեներն ուղարկվեն Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների Պալատի խոսնակին, Միացյալ Նահանգների Նախագահին,  Միացյալ Նահանգների պետքարտուղարին, Քանզասի Կոնգրեսի պատվիրակությանը, Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնին, Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Թաթուլ Մարգարյանին:

Սենատի N 1751 բանաձեւը ներկայացվել էր սենատոր Ջեյ Սքոթ Էմլերի կողմից:

Սույնով հավաստում եմ, որ նշված բանաձեւը մշակվել եւ ընդունվել է Սենատի կողմից: