Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանին: «Մենք պետք է օգտագործենք մեր բարեկամական կապերը, որպեսզի երկու երկրների միջեւ խորացնենք եւ ընդլայնենք համագործակցությունը՝ առաջին հերթին տնտեսական ոլորտում: Ռումինիայի մեծ հեղինակություն ունեցող հայ համայնքը կարող է հանդիսանալ այն պլատֆորմը, որը կարող է խթանել հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը վերահաստատել է Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտայի՝ Հայաստան այցելելու հրավերը, եւ նշել, որ այն մեծ խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման գործում:

 Այդ համատեքստում, զրուցակիցները կարեւորել են այս տարվա ընթացքում նախանշված հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը՝ Երեւանում եւ Բուխարեստում:

Վարուժան Ոսկանյանը հանդես է եկել նաեւ երկու երկրների գործարարների մասնակցությամբ տնտեսական ֆորում կազմակերպելու առաջարկով, ինչին վարչապետ Սարգսյանը դրական է արձագանքել:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ այլ բնագավառներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին Վարուժան Ոսկանյանը Տիգրան Սարգսյանին է նվիրել միջազգային աննախադեպ հաջողությունների հասած իր «Շշուկների Մատյան» վեպը, որը պատմում է հայ ժողովրդի ապրած ողբերգության, կոտորածների եւ տեղահանումների մասին: