Ռուսաստանը կոչ է անում դադարեցնել զենքի մատակարարումները Սիրիայի հակամարտության բոլոր կողմերին: Այս մասին Հաննովերում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Անգելա Մերկելի հետ հանատեղ ասուլիսի ժամանակ:

«Իմ կարծիքով, պետք է հասնել նրան, որպեսզի դադարեցվեն զենքի մատակարարումները հակամարտության բոլոր կողմերին: Երբ խոսում են այն մասին, որ Ռուսաստանը ինչ-որ զենք է մատակարարում, մենք բոլոր դեպքերում լեգիտիմ ռեժիմին ենք մատակարարում: Դա արգելված չէ ոչ մի միջազգային որոշմամբ: Բայց մենք պատրաստ ենք հավաքվել,  բոլորով քննարկել ու մտածել, թե ինչպես դուրս գալ այս արյունալի շրջապտույտից»,-ասել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Սիրիայի հարցով մենք միշտ տարբեր տեսակետներ ենք ունեցել, բայց մենք համոզված ենք, որ պետք է անել ամեն ինչ՝ հակամարտության քաղաքական լուծում գտնելու, հետագա արյունահեղությունը կանխելու եւ սարսափելի մարդկային զոհեր թույլ չտալու համար»,-հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Ռուսաստանի եւ Գերմանիայի առաջնորդները քննարկել են նաեւ իրավիճակը Կորեական թերակղզում: «Չեմ թաքցնի՝ Կորեական թերակղզում լարվածության աճը մեզ անհանգստացնում է, որովհետեւ մենք հարեւաններ ենք: Ու եթե, Աստված չանի, ինչ-որ բան տեղի ունենա, ապա Չեռնոբիլը, որի մասին մենք բոլորս լավ գիտենք, կարող է մանկական հեքիաթ թվալ»,-հայտարարել է Պուտինը: