Այսօր՝ ապրիլի 8-ին, Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագավորության Լորդերի պալատի անդամ, Կառավարության եւ Լորդերի պալատի միջեւ կապերի գծով նախարար լորդ Սոլտերի Ուոլիսին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելու ԱԺ հատուկ նիստին:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով լորդ Ուոլիսին` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստել է, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ համագործակցությունը զգալի վերընթաց է ապրել: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները թե' երկկողմ, եւ թե' բազմակողմ ձեւաչափերով ընդլայնելու անհրաժեշտությունը` վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, հարաբերությունների հետագա արդյունավետ զարգացման եւ ամրապնդման, ինչպես նաեւ փոխգործակցության եզրերն ընդլայնելու համար առկա է մեծ ներուժ: ԱԺ նախագահը անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը եւ խորհրդարանների միջեւ տարբեր մակարդակներով պատվիրակությունների շփումները այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է նաեւ համագործակցության խորացումը Եվրոպական Միության հետ հարաբերությունների ձեւաչափում եւ միջազգային խորհրդարանական կառույցներում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` լորդ Սոլտերի Ուոլիսը նույնպես կարեւորել է երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացումը ու խորացումը: Այս համատեքստում նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, երկկողմ շփումները, համագործակցությունը տարբեր ձեւաչափերով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային հարցերի, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի:




























