Հայաստանի ԱԳՆ-ում, այսօր՝ ապրիլի 8-ին, Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակությունները գլխավորել են Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Լեհաստանի ԱԳ պետքարտուղարի տեղակալ տիկին Կատարժինա Պետչինսկա-Նալեչը:
Քննարկվել են հայ-լեհական հարաբերությունների երկկողմ օրակարգի լայն շրջանակ: Կողմերը գոհունակություն հայտնեցին քաղաքական երկխոսության մակարդակի եւ դինամիկայի կապակցությամբ, կարեւորեցին խորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը:
Հատուկ անդրադարձ է կատարվել առեւտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին` փոխշահավետ նոր ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով:
ՀՀ ԱԳ փոխնախարարը մանրամասն ներկայացրել է Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը` այդ թվում Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի լույսի ներքո ընդհանուր հետագա անելիքները, Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարները:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային հիմնախնդիրների, Ռուսաստանի ու հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ:



























