Չեխիայի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգն ապրիլի 8-12-ին  կայցելի Հայաստան եւ Վրաստան:

Հայաստան այցելության ընթացքում (ապրիլի 10-12) նա հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի,  իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, հաղորդում է Չեխիայի ԱԳՆ կայքը:

Վրաստանում Շվարցենբերգը կհանդիպի այդ երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, նախագահ Միխայիլ Սահակշվիլիի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:

Հայ եւ վրացի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, այդ թվում առեւտրային եւ տնտեսական կապերին վերաբերող խնդիրներ: Օրակարգում կլինեն նաեւ արտաքին քաղաքական հարցերը, ԵՄ-ի հետ հարաբերությունները եւ տարածաշրջանային խնդիրները:

Չեխիայի ԱԳ նախարարին կուղեկցի չեխ գործարարների խումբը: