Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ ապրիլի 8-ին, ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները կանոնավոր կերպով զարգանում են, ինչի մասին վկայում են 2012թ. ընթացքում կայացած բարձր մակարդակի այցելությունները՝ ՀՀ նախագահի այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցելությունը Հայաստան:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կարեւորում է Հայաստանի հետ համագործակցությունը միջազգային անվտանգության ապահովման գործընթացում, Հայաստանի ներդրումը Կոսովոյում եւ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին:
Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքված է ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության հետագա խորացմամբ եւ կարեւորել է տարբեր ձեւաչափերով ՆԱՏՕ-ի շրջանակներում ընթացող համագործակցությունը:
Հյուրի խնդրանքով ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերջին զարգացումները:




























