Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Նիդերլանդների թագուհի Բեատրիքսի հանդիպումը՝ Նիդերլանդներում Ռուսաստանի տարվա եւ Ռուսաստանում Նիդերլանդների տարվա բացման շրջանակներում, տեղի է ունենում տարօրինակ միջավայրում, երբ միմյանց են խառնվել գեյ շքերթները, երախտապարտ սիրիացիների հանրահավաքը:

Ռուսաստանի եւ Հոլանդիայի տարվա բացման արարողության ժամանակ, որը տեղի էր ունենում «Ամստելի էրմիտաժում», Ռուսաստանի նախագահը որոշել է անձամբ շնորհակալություն հայտնել տեղի նվագախմբի դիրիժորին՝ թողնելով Բեատրիքս թագուհուն սպասել կարմիր գորգի վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պուտինը քայլել է գազոնի վրայով, սեղմել դիրիժորի ձեռքը եւ շարունակել իր ճանապարհը:

Հանդիսավոր մեկնարկից հետո ելույթ է ունեցել Հոլանդիայի ԱԳ նախարար Ֆրանս Տիմերմանը, ով որոշել է երախտագիտություն հայտնել Պետրոս Մեծին՝ դեպի Եվրոպա պատուհան բացելու համար, որի շնորհիվ նույնիսկ ռուսական խուլ գյուղերում տեղեկացան Հոլանդիայի մասին: «Եթե Աստված երկարացնի կյանքս ու միտքս, Պետերբուրգը մեկ այլ Ամստերդամ կդառնա»,-Պետրոս Մեծի խոսքերը ռուսերենով մեջբերել է հոլանդացի նախարարը:

Մինչ երկրների առաջնորդները քայլում էին կարմիր գործի վրայով, մի քանի տասնյակ սիրիացիներ հանրահավաք էին անցկացնում, իրենց երախտագիտությունը հայտնելով Ռուսաստանին՝ Ասադի ռեժիմին սատարելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Բացի այդ, նույն օրը Հոլանդիայի մայրաքաղաքում հանրահավաքի էին ելել նաեւ ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչները, ովքեր դեռեւս մարտի վերջին որոշել էին Պուտինին դիմավորել իրենց ողջ հմայքով: Նրանք իրենց բողոքն էին հայտնում Ռուսաստանում նույնասեռականության քարոզչությունն արգելող օրեսդրության դեմ:Ցույցին արձագանքել էր 3300 մարդ: