Չեռնոգորիան մի ողջ օր անցկացրել է անորոշության մեջ, թե ով պետք է ղեկավարի երկիրն առաջիկա 5 տարում: Ավանդույթը խախտելով, պետական ընտրական հանձնաժողովը ընտրությունների նախնական արդյունքները հայտնել է ընտարտեղամասերը փակվելուց 22 ժամ հետո:

Ըստ այդմ, հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչը: Հանձնաժողովի որոշմամբ՝ նա հավաքել է 161 հազար ձայն (51,21 տոկոս), իսկ նախկին դիվանագետ Միոդրագ Լեկիչը՝ 154 հազար ձայն (48,79 տոկոս): Ընդհանուր առմամբ, Չեռնոգորիայում ընտրողների թիվը կազմում է 511 հազար:

«Ժողովրդավարական ճակատի» առաջնորդ Միոդրագ Լեկիչը չի ճանաչել իր պարտությունը՝ իշխող ուժերին մեղադրելով քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Նա մտադիր է շարունակել պայքարը արդեն ավելի քան 20 տարի իշխանության ղեկին գտնվող Սոցիալիստների ժողովրդավարական կուսակցության դեմ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ի երեկոյան պաշտոնական տվյալների բացակայության պայմաններում երկու առաջնորդներն էլ իրենց հաղթող էին հայտարարել:
Հատկանշական է, որ արտասահմանից դեռեւս  չեն շտապում շնորհավորել Վույանովիչին: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ սպասում է ընտրությունների վերջնական արդյունքներին: