Հյուսիսային Կորեան օտարերկրացիներին հորդորել է լքել Հարավային Կորեան: Պատճառն այն է, որ մոտ ապագայում երկու երկրների միջեւ կարող է ռազմական բախում լինել:

«Մենք չենք ցանկանում վնաս հասցնել Հարավային Կորեայում գտնվող օտարերկրացիներին պատերազմի դեպքում»,- «ՌԻԱ Նովոստին» մեջբերել է հյուսիսկորեական իշխանությունների ներկաայցուցչի հայտարարությունը: Նաեւ միջազգային բոլոր կազմակերպություններին, ընկերություններին եւ զբոսաշրջիկներին խորհուրդ են տվել նախապես տարհանման միջոցներ մտածել:

Միեւնույն ժամանակ Փհենյանում նշել են, որ առաջինն ուժ չեն կիրառի, բայց «հակամարտության սկսվելու դեպքում Սեուլին կպատասխանեն անխնա պատերազմով»:

Ավելի վաղ հյուսիսկորեական իշխանությունները հորդորել էին տարհանվել Փհենյանում գտնվող դեսպանատների ներկայացուցիչներին, իսկ Ռուսաստանի ներկայացուցիչներին տեղ էին առաջարկել հատուկ գաղտնի ապաստարանում: Դիվանագետները, սակայն չեն շտապում փախչել: ՌԴ դեսպանատների ներկայացուցիչները նշել են, որ առայժմ տարհանում ծրագրված չէ: