Ֆրանսիան, այսօր՝ ապրիլի 9-ին, սկսել է իր զորքերի դուրս բերումը Մալիից: Ֆրանսիայի բանակի գլխավոր շտաբում հայտարարել են, որ մոտ 100 զինվորականներ արդեն լքել են Մալին, նարնց ուղարկել են Կիպրոս, որտեղից կվերադառնան հայրենիք, հաղորդում է Agence France-Presse-ը:

Ինչպես գրում է Le Monde-ը, Փարիզը պատրաստվում է մինչեւ տարվա հուլիս Մալիից դուրս բերել ներկայումս այնտեղ գտնվող իր զորքերի առնվազն կեսը՝ իր ռազմական ներկայությունը 4 հազարից կրճատելով 2 հազարի:

Դուրս բերվող զորքերին կփոխարինեն Արեւմտյան Աֆրիկայից ժամանող, ինչպես նաեւ Մալիի բանակի ստորաբաժանումները:

Ֆրանսիական զորքերը Մալի են մտել այս տարվա հունվարին, որտեղ նրանք օգնել են կառավարական զորքերին՝ ապստամբ տուարեգներին հետ մղելու հարցում: Տուարեգները ցանկանում են Ազավադ անունով անկախ պետություն ստեղծել Մալիի հյուսիսում: