Առաջիկա շաբաթներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են հանդիպում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար: Այս մասին ասվում է համանախագահների հայտարարությունում՝ տարածաշրջան այցելության արդյունքում:
Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Յան Քելլին (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը տարածաշրջան են այցելել մարտի 18-22-ին եւ ապրիլի 1-6-ին, շարունակելով աջակցել կողմերին ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման որոնումներում: Այսօր՝ ապրիլի 9-ին, համանախագահները Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի դեսպաններին կարճ ներկայացրել են իրենց այցելությունների արդյունքները:
Նրանց հայտարարությունում ասվում է, որ Երեւանում եւ Ադրբեջանում համանախագահները հանդիպել են այդ երկրների նախագահների եւ ԱԳ նախարարների հետ, հանդիպումներ են ունեցել նաեւ ԼՂ դե ֆակտո իշխանությունների ներկայացուցիչների հետ:
«Համանախագահները տեղեկացրել են շփման գծի երկու կողմերում ստեղծված իրավիճակի մասին, որն իրենց հատել են ապրիլի 4-ին եւ 5-ին: Նրանք տեղի վարչակազմերի հետ քննարկել են վերջին միջադեպերը, ինչպես նաեւ շփման գծի երկայնքով կյանքի որակը:
Համանախագահները նշել են շփման գծում հարաբերական հանգստությունը, որը նկատվել է Նովրուզի եւ Զատիկի տոների օրերին եւ հույս են հայտնել, որ այն կպահպանվի:
Համանախագահները երկու երկրների նախագահների հետ քննարկել են Ստեփանակերտի օդանավակայանից քաղաքացիական թռիչքների իրականացման հարցը: Նախագահները վերահաստատել են բանակցային խաղաղ գործընթացին իրենց հավատարմությունը:




























