Կանադայում Թուրքիայի դեսպանը հայտարարել է, որ Կանադայի կառավարության կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը ցեղասպանություն որակելը կարող է խոչընդոտել երկու երկրների միջեւ փոխշահավետ առեւտրային կապերին: Այս մասին գրում է «Nanaimo Daily News»-ը:

Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալին «The Canadian Press»-ին տված լայնածավալ հարցազրույցում հասկացնել է տվել, որ Կանադայի այդ դիրքորոշումը շարունակում է սպառնալիք մնալ իր երկրի համար: Բայց, նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ Թուրքիան չի ցանկանում առաջ գնալ ու խորացնել տնտեսական հարաբերությունները Կանադայի հետ:

Բաբալին կասկածում է, որ Կանադան չի գործում այնքան արագ, որքան կցանկանար Թուրքիան, հենց Հայոց ցեղասպանության հարցի պատճառով: Նա ասել է, որ Թուրքիան կցանկանար բանակցություններ սկսել Կանադայի հետ ազատ առեւտրի հարցով, բայց ցեղասպանության խնդրում, ըստ նրա, Թուրքիան կցանկանար Կանադայի կողմից ժեստ տեսնել, որ այդ երկրի կառավարությունը «փորձում է դա հետեւում թողնել»:

Նշենք, որ Կանադայի խորհրդարանը 2004 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանության իրողությունը: