Այսօր` փետրվարի 22-ին Ազգային ժողովի հերթական քառօրյայում առաջին ընթերցմամբ ընդունվեց հարկային փոփոխությունների փաթեթը: Հիշեցնենք, որ այդ փաթեթը մեկ անգամ արդեն եղել էր ԱԺ օրակարգում, սակայն քննարկումը 15 օրով հետաձգվել էր, քանի որ պատգամավորները, այդ թվում նաեւ կոալիցիան ներկայացնող օրենսդիրները, մի շարք վերապահումներ և առարկություններ էին հայտնել։ Օրինագիծը ենթադրում է 8 նոր տեղական հարկատեսակներ ներդնել, որոնք, շատ պատգամավորների համոզմամբ, լրջորեն մեծացնում են հարկային բեռը:

Սակայն այս ընթացքում օրինագիծը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Մասնավորապես՝ ըստ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի՝ նախատեսվող 8 հարկատեսակներից մնացել են միայն 2-ը` ավտոկայանատեղիներից եւ հյուրանոցներից հարկվելիք հարկատեսակները։ Տնտեսական հանձնաժողովն արդեն դրական եզրակացություն է տվել այս փաթեթին։

Թեեւ ընդդիմադիր պատգամավորները դեմ էին հարկային այս փաթեթը քննարկելուն, սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այն քվեարկությամբ ներառեց ԱԺ օրակարգում: Ավելին, այն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Օրինագծին կողմ քվեարկեցին 70, դեմ` 20 եւ ձեռնպահ` 7 պատգամավորներ: