Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, ազատամարտիկ, 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանի վիճակը շարունակում է վատ մնալ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Քաղբանտարկյալների իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը: Վերջինս հայտնեց, որ Միքայելյանն այս պահին գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում եւ նրան պարբերաբար տանում են բուժզննման, սակայն Սասուն Միքայելյանին լուրջ եւ հիմնավոր հետազոտություն է անհրաժեշտ:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Միքայելյանին տեղափոխել էին «Նորք-Մարաշ» բուժկենտրոն, որտեղ սրտի ստենտավորում էին արել՝ հնարավոր ինֆարկտը կանխելու համար: Միքայելյանը մի քանի ծանր վիրահատություն էլ տարել է անցած տարեվերջին:

Սասուն Միքայելյանը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեղադրանքներով: