Ենթադրությունները, որ Սիրիայում դիմակայությանը մասնակցում են Ղրիմի թաթարներ, հաստատվել են, զոհվել է 20-ամյա Աբդուլլա Ջեփարովը:

Նրա ընկերը «Սեգոդնյա» թերթին պատմել է, որ Ջեփարովը երկու տարի առաջ կրոնական մոլեռանդ է դարձել, երբ սկսել է շփվել Խիզբուտ-Թահրիր կուսակցության կրոնամոլ տղաների հետ: «Նրանք քաղաքից դուրս էին գնում եւ գաղտնի աշխատում… Ամռան վերջին, աշնան սկզբին նա Ղրիմից Թուրքիա գնաց աշխատելու: Իսկ երկու շաբաթ առաջ հեռագիր եկավ, որ զոհվել է: Հեռագրում նշվում էր, որ Սիրիայում պայթել է ականի վրա: Աբդուլլայի հետ Բելոգորի շրջանից վեց մարդ է գնացել, նրանցից լուրեր չկան: Մեր շրջանում նման չորս հավաքագրող է եղել»,- ասել է երիտասարդի ընկերը:

Խիզբուտ-Թահրիր կուսակցության ակտիվիստներից մեկը, ով ցանկացել է գաղտնի մնալ, չի բացառել, որ ընկերներն արտերկիր են մեկնում` Սիրիայի իշխանությունների դեմ ջիհադին մասնակցելու համար: Նման դեպքերում որպես տարանցիկ երկիր է ծառայում Թուրքիան: