Հայաստանում Եվրամիության հաղորդակցային հանգույց հանդիսացող ԵՄ կենտրոնն, այսօր՝ ապրիլի 17-ին, ընդունելություն էր կազմակերպել ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի համար:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր ողջույնի խոսքում ընդգծել է Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի կարեւորությունը: «ԵՄ համագործակցության ծրագրերը ԵՄ-Հայաստան հարաբերություններին աջակցող կարեւոր տարր են»,-ասել է նա:
Դեսպան Հրիսթեան նաեւ նշել է, որ տեղում կոնկրետ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը սակավ է ու կատարելագործման կարիք ունի: «Մենք հիմնադրել ենք ԵՄ կենտրոնը, որ աջակցելու է մեր ծրագրերին հաղորդակցային գործունեության հարցում եւ ցույց տալու, թե ինչպես են դրանք կոնկրետ արդյունք ու օգուտ բերում Հայաստանի բնակչությանը, գործարարությանը եւ կառավարությանը»,-նշել է դեսպանը:
ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է։ Այն հաղորդակցության մասնագիտական հաստատություն է, որն համակարգում է Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի հաղորդակցային գործունեությունը եւ հրապարակային որակյալ նյութեր ապահովում։ Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։
Ծրագրի ղեկավար Էհթել Հայլիստեի համաձայն, համացանցի ու տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացման շնորհիվ հանրության հետ անմիջական հաղորդակցությունը շատ ավելի հեշտ է, քան նախկինում:
«Մարդիկ շեշտակի փոխել են տեղեկատվության սպառման իրենց ուղիները», ասել է Հայլիստեն եւ հավելել. «Հին միջոցների ու գործիքների հետ մեկտեղ մենք պետք է նոր հմտություններ մշակենք ժամանակակից աշխարհում նոր հնարավորություններից առավելագույնը ստանալու համար»:
Ծրագրի տեւողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» եւ «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։




























