«Այբ» ավագ դպրոցի ռոբոտիկայի թիմը հաջողությամբ մասնակցել է «Հրշեջ ռոբոտ» մրցույթին, որը կայացել է ԱՄՆ-ի Հարթֆորդ քաղաքի Թրինիթի քոլեջում: Աշակերտների եւ ուսուցչի` Վազգեն Գաբրիելյանի, համատեղ ջանքերով պատրաստված «Այբսթորմ» ռոբոտն արժանացել է հատուկ մրցանակի: «Այբ»-ի թիմը հատուկ մրցանակի է արժանացել էլեկտրոնիկայի եւ ծրագրավորման լուծումների համար: Թիմն ԱՄՆ է մեկնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես «Այբ» ավագ դպրոցի գործընկեր եւ ռոբոտիկայի ծրագրի հովանավոր, 14 մլն դրամի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել՝ ռոբոտիկայի լաբորատորիայի ստեղծման, դրա համալրման, գործունեության շարունակականության ապահովման եւ զարգացման, տեղական եւ միջազգային մրցույթներին մասնակցության համար: 

Թրինիթի քոլեջում կազմակերպված «Հրշեջ ռոբոտ» մրցույթն այս տարի հոբելյանական էր: 20-ամյակը տոնող մրցույթն ամենահեղինակավորներից մեկն է համարվում աշխարհում: Այս տարի միջոցառմանը մասնակցել է ավելի քան 130 թիմ` 7 երկրից: Հայաստանը ներկայացված էր առաջին անգամ` «Այբ»-ի փոքրաթիվ թիմով: «Այբ» դպրոցի թիմը մրցույթին մասնակցել է ավագ դպրոցականների տարիքային խմբում, որում մրցում էին շուրջ 30 թիմ, եւ լավագույն ութնյակում է հայտնվել այնպիսի երկրներից ժամանած թիմերի կողքին, ինչպիսիք են Իսրայելը եւ Չինաստանը: