Հարյուրավոր կանայք են հավաքվել Մարսելում դատարանի շենքի առջեւ, որտեղ սկսել է կրծքի անորակ իմպլանտներ արտադրող Poly Implant Prothese (PIP) ընկերության հիմնադիր Ժան-Կլոդ Մասի դատավարությունը: Այս  գործով որպես տուժող անցնում է ավելի քան 5 հազար կին:

Մասի հետ միասին ամբաստանյալի աթոռին են հայտնվել նրա տեղակալ Կլոդ Կուտին, որակի տնօրեն Անելոր Ֆոնը, տեխնիկական տնօրեն Լուա Գոսարը եւ արտադրական հոսքագծի ղեկավար Տյերի Բրենոնը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Բանն այն է, որ PIP-ի պրոթեզները արտահոսում էին, եւ կանայք ստիպված էին լինում վիրահատությամբ հեռացնել դրանք: Երբ քննիչները ստուգել էին, պարզվել էր, որ ընկերությունը օգտագործում է տեխնիկական գել: Ժան-Կլոդ Մասը հայտարարել էր, թե դրան գնացել է տնտեսման համար, նման սիլիկոնային իմպլանտները 10 անգամ էժան էին:

Ֆրանսիայում PIP-ի իմպլանտներ տեղադրվել են 50 հազար կանանց, իսկ ողջ աշխարհում 400-ից 500 հազար մարդու: Հազարավոր կայանք առողջական խնդիրներ են ունեցել դրանից հետո: