Յուրաքանչյուր տղամարդ վաղ թե ուշ հարց է տալիս ինքն իրեն` ինչպես հասկանալ թույլ սեռի ներկայացուցիչներին: Կանայք հաճախ հաշվի չեն առնում, թե իրենց ամուսինները, եղբայրները, հայրերն եւ ընկերները ինչ տառապանքներ են կրում` փորձելով հասկանալ կանացի էությունը:

Գրեթե անելանելի վիճակից դուրս գալու հարցում փորձել են օգնել Գերմանիայի Ռուռրի եւ Դուսյբերգ-Էսսենի համալսարանների  հոգեբաններն ու նյարդակենսաբանները: Փորձերի ընթացքում 18-ից 50 տարեկան 22 տղամարդկանց ցույց են տվել  լուսանկարներ, որտեղ երեւում են միայն աչքեր` երեք տարբեր զգացմունքներով` բարեհաճ, ագրեսիվ եւ չեզոք: Թե ում են պատկանում աչքերը` տղամարդու, թե կնոջ, գիտնականները չեն ասել: Լուսանկարների հետ տվել են նաեւ գրառումներ, որոնք պետք է առավելագույնս բնորոշեին այս կամ այն նկարը: Ուղեղի ակտիվության ցուցանիշները փորձի ժամանակ նկարել են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆով:

Հետազոտողների վատագույն սպասելիքներն արդարացել են, տղամարդիկ երբեք չեն կարող հասկանալ կանանց: «Փորձի մասնակիցները տղամարդկանց զգացմունքները գուշակում են երկու անգամ հստակ, քան կանանց զգացմունքները»,- նշել է հետազոտական խմբի ղեկավար Բորիս Շիֆֆերը: Իսկ տոմոգրաֆի արդյունքները վկայել են, որ կանացի աչքերով լուսանկարներ դիտելիս տղամարդու ուղեղի` զգացմունքների հետ կապված հատվածները գործնականում պասիվ են եղել: