Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը ապրիլի 17-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող երկարաձգված հակամարտությունների գծով ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Անդրեյ Դեշչիցայի գլխավորած պատվիրակությանը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաեւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը եւ Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերին: Նրանք մտքեր են փոխանակել նաեւ հակամարտության շփման գծում կողմերի միջեւ վստահության հաստատման հնարավոր ուղիների վերաբերյալ: Կողմերը կարեւորել են ԵԱՀԿ հովանու ներքո իրականացվող միջոցառումների շարունակականության անհրաժեշտությունը` հակամարտության խաղաղ կարգավորման գործում: