Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն, այսօր՝ ապրիլի 18-ին, հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Երեւանում գտնվող Եվրոպայի խորհրդի քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ:
Վարդան Օսկանյանի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններն ու դրանց հաջորդած իրադարձությունները, Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները, երկրում առկա քաղաքական իրավիճակն ու կառուցվածքային հնարավոր փոփոխությունները, Հայաստանի համագործակցությունը եվրոպական կառույցների հետ եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
Վարդան Օսկանյանը գոհունակություն է հայտնել, որ Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդում Հայաստանի նախագահության շրջանը համընկնում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական կարեւոր գործընթացների հետ, ինչը կարող է պարտավորեցնող դրական ազդեցություն ունենալ երկրում ժողովրդավարության վրա: Վարդան Օսկանյանը նշել է, որ այսօր Հայաստանում ժողովրդավարության զարգացման հիմնական խոչընդոտը քաղաքական հակակշիռների բացակայությունն է եւ հույս հայտնել, որ մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրություններում հնարավոր կլինի Հայաստանի քաղաքական համակարգում սկիզբ դնել այդ մեխանիզմին:
Վարդան Օսկանյանը կոչ է արել, որ Եվրոպայի խորհուրդն առավել ակտիվ ներգրավվածություն ունենա Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ Ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո դրա դրույթների իրականացման մոնիթորինգը ապահովելու հարցում:




























