Պակիստանի դատարանը երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին կալանավորելու օրդեր է տվել, թեեւ նրա փաստաբանները նրան գրավով ազատելու միջնորդություն էին ներկայացրել։ Լսելով դատավորի որոշումն ու չսպասելով կալանքին՝ Մուշարաֆը փախել է նիստերի դահլիճից։

Ոստիկանները պատրաստվել են կալանավորել քաղաքական գործչին, սակայն նա բառացիորեն դուրս է պրծել իրավապահների ձեռքից եւ սեւ մեքենայով փախել է անհայտ ուղղությամբ, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

Հինգ տարի վտարված լինելուց հետո քաղաքական գործիչը երկիր էր ժամանել մարտի վերջին՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու։ Սակայն դատարանն արգելել էր նրան առաջադրվել։ Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները սպառնացել էին, որ եթե Փ.Մուշարաֆը համարձակվի վերադառնալ Պակիստան, նրան կսպանեն։ Քաղաքական գործիչն արհամարհել էր սպառնալիքները։

Իսլամիստները հանդես են գալիս Մուշարաֆի դեմ. նա համարվում է կրոնական ծայրահեղականների դեմ անհաշտ մարտիկ։ 2011 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Մուշարաֆն աջակցել էր ԱՄՆ-ին եւ Պակիստանում լայն հակաահաբեկչական արշավ սկսել։

2008 թվականին, նախագահական պաշտոնն ինքնակամ լքելուց ու երկրից հեռանալուց հետո Փերվեզ Մուշարաֆն ապրել է Միացյալ Արաբական Էմիրություններում ու Մեծ Բրիտանիայում։ Ինքնակամ «աքսորի» պատճառն էին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանությանը մասնակից լինելու մեղադրանքները։