ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Վաշինգթոնում ելույթ ունենալով Համաշխարհային բանկի՝ աղքատության ու անհավասարության դեմ գլոբալ պայքարին նվիրված միջոցառմանը, հաղորդել է Հազարամյակի նպատակների զարգացման (ՀՆԶ) ընթացքում ձեռքբերած հսկայական հաջողությունների մասին։ Դրա հետ մեկտեղ, նա ընդգծել է, որ այսօր դեռ շատ վաղ է ուրախանալ, քանի որ աշխարհում ավելի քան 2 մլրդ մարդ ապրում է առանց զուգարանի կամ նրանց հասանելի չէ անվտանգ խմելու ջուրը։
Բան Կի-մունը նշել է, որ հաջողվել է աղքատությունը կրկնակի կրճատել։ Միլիոնավոր երեխաներ կարողացել են կրթություն ստանալ։ Նկատելիորեն կրճատվել է մալարիայից, ՄԻԱՎ-ից ու տուբերկուլյոզից մահացությունը։ «Սակայն շատ խնդիրներ առայժմ լուծված չեն», - նշել է ՄԱԿ-ի ղեկավարը, հաղորդում է «Ռոսբալտը»։ Զարգացումը չի կարող կայուն լինել, երբ 2,6 մլրդ մարդ դեռեւս ապրում է առանց կոյուղու եւ մաքուր խմելու ջրի, իսկ աշխարհը բախվում է կլիմայի փոփոխության նման լուրջ սպառնալիքի հետ։
Իր հերթին, ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի լուրերի կենտրոնը, Համաշխարհային բանկի զեկույցում նշված է, որ դեռեւս 1,2 մլրդ մարդ ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։ Նրանց մեկ երրորդը Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած երկրների բնակիչներ են։




























