Թուրքական Zaman-ի թղթակից Սամեթ Ալթնթաշը Հայոց ցեղասպանության փաստի հետ կապված հարցազրույց է արել երդվյալ հակահայ, Թուրքական պատմագիտական ընկերության նախկին նախագահ, ներկայում «Ազգայնական շարժում» կուսակցության ցուցակով պատգամավոր դարձած Յուսուֆ Հալաչօղլուի եւ թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի հետ։

Թուրք լրագրողը հակադիր տեսակետներ ունեցող 2 պատմաբաններին տվել է միեւնույն հարցերը եւ պատասխանները շարադրել իրար կողք։

1915-ին Օսմանյան տարածքներից որքա՞ն հայ է տեղահանվել

Հալաջօղլու. Տեղահանության որոշումն ընդունվել է 1915-ի մայիսի 25-26-ին։ Հունիսի 16-ից հետո Անատոլիայի տարբեր վայերից սկսեցին տեղահանությունները։ Սակայն Վանը եւ Կարսը չկային այդ ցուցակում, քանի որ դրանք «բռնազավթված» էին։ Մյուս շրջաններից 500հազար հայ է ուղարկվել Սիրիա։ Մի մասն էլ իրենց գտնված տեղից անցել են հարեւան շրջաններ։ Այսինքն, տեղահանվել է 600 հազար հայ։

Աքչամ.Թալեաթ փաշայի «տեղահանության օրագրում» նշվում է 924 հազար 158 թիվը։ Մեր ձեռքում գտնվող որոշ օսմանյան փաստաթղթեր թույլ են տալիս եզրակացնել, որ Թալեաթ փաշան այդ գրքույկը հավանաբար ավարտել է 1918-ի սկզբներին։ Այդ պատճառով պետք է ընդունել, որ այդ թվերը ճիշտ են։ Բայց հիշյալ գրքում չեն ներառվել մոտ 15 բնակավայրեր։ Այդ բնակավայրերից էլ տեղի ունեցած տեղահանությունը, որ ավելացնենք, ստացվում է, որ 1,2 մլն հայ է տեղահանվել։

Տեղահանության ժամանակ քանի հայ է մահացել

Հալաջօղլու. Որոշ դեպքերում քրդական եւ արաբական ցեղերը հարձակվում էին հայերից կազմված մարդկային շարասյունների վրա։ Ամենաշատը որ կարող ենք ասել՝ կորել է 8000 կամ 8500 մարդ։ Սակայն դա 100 տոկոսանոց տվյալ չէ։

Աքչամ. 1918-ի նոյեմբերին իթթիհադականներին փոխարինած կառավարությունը հայերի կորուստների հետ կապված հանձնաժողով է ստեղծում եւ 1919-ին հայտնում արդյունքները։ Ըստ դրա, մահացած հայերի թիվը 800 հազար է։ 1928 թվականին Թուրքիայի գլխավոր շտաբը Աառաջին համաշխարհային պատերազմում մահացածների վերաբերյալ մի գիրք է հրատարակում։ Ըստ այդ գրքի, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 800 հազար հայ եւ 200 հազար հույն է մահացել։ Սակայն այս թիվը չի ներառում 1918-ից հետո կոտորածներից, սովից եւ հիվանդություններից մահացածների թիվը։ Եթե այս թվերը միավորենք, հայերի կորուստները կազմում են 1 մլն-ին մոտ։

Հավատո՞ւմ եք, որ 1915-ին ցեղասպանություն է տեղի ունեցել

Հալաջօղլու. 1915-ից ի վեր Թալեաթ փաշայի ստորագրությամբ մեղավորները, ովքեր հարձակումներ են իրականացրել եւ թալանել հայերի ունեցվածքը, թվով 1673 հոգի հանձնվել են ռազմական դատարան եւ դատապարտվել։ 1916-ի փետրվար-մայիս ամսիներին նրանցից 67-ին մահապատժի են դատապարտել, 524 մարդու դատապարտել են 2, 3 եւ 5 տարվա ազատազրկման։ Այսինքն, մեղավորները պետության կողմից ներկայացվել են դատարանին եւ պատժվել։ Այդ պատճառով հնարավոր չէ դրան ցեղասպանություն ասել։  

Աքչամ. Թուրքիայում քչերը գիտեն, որ «ցեղասպանություն» եզրույթը ստեղծվելու մեջ կարեւոր պատճառ է հանդիսացել Հայոց ցեղասպանությունը։ «Ցեղասպանություն» եզրույթը ստեղծած Ռաֆայել Լեմկինն անձամբ է ասել դա։ «Ես այս տերմինը ստեղծեցի՝ ներկայացնելու համար 1915-ին հայերի գլխին եկածը»,-ասել է Լեմկինը։ 1915-ը հերքել ցանկացող շրջանակները ժողովրդի չտեղեկացվածությունը օգտագործելով՝ ստեղծում են անտեղի քննարկումներ եւ անիմաստ ժամանակ վատնում: