«Այն տնտեսական ծրագիրը, որի մասին այսքան երկար խոսում էր Հայ ազգային կոնգրեսը, իրականություն է դարձել»,- փետրվարի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը։
Տեղեկացնելով, որ փետրվարի 17-ին ՀԱԿ քաղաքական խորհուրդը որոշում է ընդունել հրապարակային քննարկման ներկայացնել «100 քայլ» անվանումը կրող սոցիալ-տնտեսական համակարգային բարեփոխման ծրագիրը՝ նա նշեց, որ ծրագիրը միտված է ՀՀ տնտեսության «առողջացմանը» եւ ապօրինի մենաշնորհները վերացնելուն։ «Այս ծրագիրը ժողովրդի լայն խավերին աշխատելու եւ մրցակցային առողջ դաշտ ձեւավորելու հնարավորություն է տալու»,- համոզմունք հայտնեց Լ. Զուրաբյանը՝ ավելացնելով, որ «100 քայլ» ծրագիրը պատրաստվել է ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ։
Նրա խոսքով, «100 քայլը» հնարավորություն կտա խստացնել օլիգարխների դեմ իրականացվող պատժամիջոցները, կապիտալի վերաբաշխում կատարել, խրախուսել արտահանումը եւ վերացնել ստվերային քաղաքականությունն ու կոռուպցիան։
Ամփոփելով՝ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգողը նկատեց, որ եթե իշխանությունները համաձայնեն աջակցել այս ծրագրի իրականացմանը, ապա «դա նրանց համար ինքնասպանության հավասար մի բան կլինի, այլ կերպ ասած՝ իշխանություններն իրենց ձեռքով կկախեն իրենց»։




























