Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառումներ են նախատեսված իրականացնել Թուրքիայի Իզմիր, Դիարբեքիր, Բաթման, Ադանա եւ այլ քաղաքներում։

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ապրիլի 24-ին, 19։15-ին տեղի կունենա «Հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը» խորագրով սգո միջոցառում, որի ժամանակ կընթերցվի կոչ՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։ Այդ միջոցառմանն առաջին անգամ Եվրոպայից ժամանած տարբեր գործիչներ կմասնակցեն։

Ստամբուլի թուրքական եւ իսլամական ստեղծագործությունների թանգարանի մոտ, որտեղ 1915-ին մինչ մահվան ուղարկվելը պահվել էին ձերբակալված հայ մտավորականները, ապրիլի 24-ին, 12։30-ին կլինի Ցեղասպանության հետ կապված հայտարարություն, հատուկ ցուցատախտակի վրա կներկայացվի ցեղասպանության ժամանակ երկրի երեսից ջնջված 2300 հայկական գյուղերի անունները, այնուհետ միջոցառման մասնակիցները կայցելեն 2011 թվականի ապրիլի 24-ին թուրք զինծառայակցի կողմից սպանված ստամբուլահայ Սեւակ Շահին Բալըքչըի գերեզման։

Առաջին անգամ Դերսիմում (Թունջելի) տեղի կունենա Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։ Միջոցառումը տեղի ոկւնենա Սեյիթ Ռըզայի հարձանի մոտ։

Իզմիրում, 18։00-ին տարբեր հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ հիշատակի միջոցառում է կազմակերպվելու Բասմահանեյում։

Դիարբեքիրում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից կազմակերպված սգո միջոցառումը սկսվելու է 12։00-ին։ Այնուհետ մասնակիցները երթ են անելու։

Ադանայում եւս առաջին անգամ սգո միջոցառում տեղի կունենա։ Ադանայի կենտրոնական բանկի դիմաց 13։00-ին տեղի կունենա միջոցառում, որի ժամանակ հայտարարություն կարվի։

Սգո միջոցառումներ տեղի կունենան նաեւ Բաթման, Անկարա եւ Բոդրում քաղաքներում։