«Մարտի 1-ին տեղի ունենալիք հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանը կներկայանա կոնկրետ ծրագրային առաջարկներով. այս մասին նա հայտարարել է դեռեւս հունվարի 8-ին կայացած ցույցի ժամանակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։
Չպարզաբանելով, թե այդ օրը հատկապես ինչի՞ մասին պետք է խոսի առաջին նախագահը՝ նա միայն հիշեցրեց, որ իրենց հայտարարության մեջ արդեն իսկ նշվել է մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի օրակարգը. «Սա մոտավորապես նման է նրան, որ խաղի վերջնական արդյունքը հայտարարվի խաղից առաջ, այդ դեպքում խաղին հետեւելն անիմաստ կլինի։ Բայց հուսանք, որ հետաքրքիր խաղ է լինելու»,- նշեց Լ. Զուրաբյանը։
ՀԱԿ համակարգողը նաեւ կոչ արեց քաղաքական բոլոր ուժերին՝ ցանկացած պահի պատրաստ լինել արտահերթ ընտրություններին՝ տեղեկացնելով, որ իրենք եւս նույն կերպ են վարվում. «Մենք վաղուց մեր տարածքային կառույցներին հանձնարարություներ ենք տվել՝ ստուգել ընտրացուցակները, պատրաստ լինել արտահերթ նախագահական ընտրություններին»,- տեղեկացրեց Լ. Զուրաբյանը՝ ընդգծելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիմա էլ պատրաստ է արտահերթ ընտրությունների։




























