Ավանդույթի համաձայն Նորվեգիայի փոքրաթիվ հայկական համայնքը այս օրերին կազմակերպել է միջոցառումներ նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցելու հայ ազգի մեծ բարեկամներ նորվեգացի Ֆրիտյոֆ Նանսենին եւ Բուդիլ Բյորնին:
Նորվեգիայի հայ համայնքի ներկայացուցիչ Էրիկ Գրիգորյանի փոխանցմամբ, ապրիլի 24-ին Օսլոյից ոչ հեռու կտնվող Օս քաղաքի բնագիտական համալսարանում կկայանա մեծ հայասեր եւ մարդասեր, մորվեգացի միսսիոներ Բուդիլ Բյորնի մասին «Ինձ կոչում են մայրիկ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Նույն օրը Ագդերի Համալսարանում կկայանա դասական համերգ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին երաժիշտներ Տիգրան Բերկելյանի, Նարեկ Դարբինյանի, Մարիամ Խառատյանի, Մարիտ Բիրկեդալ Աասի, Սոնդրե Ռինգսեվյենի մասնակցությամբ:
Ապրիլի 28-ին Նորվեգիայում Հայկական մշակութային միության նախաձեռնությամբ` Օսլոյի եւ մերձակա բնակավայրերի հայերը կայցելեն Բաերում համայնքում գտնվոգ Ֆրիտյոֆ Նանսենի նախկին առանձնատան տարածք, որն այժմ զբաղեցնում է Ֆրիտյոֆ Նանսենի Ինստիտուտը: Հենց այդ տան բակում է գտնվում Նանսենի գերեզմանը, որն էլ դարձել է տեղի հայերի համար յուրովի սրբավայր եւ ցեղասպանության հիշատակի հուշահամալիր: Նրա գերեզմանին ոգեկոչման ճառեր կասվեն, ծաղիկներ կդրվեն եւ կկատարվի մոմավառություն: Հիշատակի միջոցառման ավարտին Նանսենի տան բակում կլինի հյուրասիրություն:
Նորվեգիայի մեծությամբ երկրորդ քաղաք Բերգենում կա Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված եւ Հայոց Ցեղասպանությունը ոգեկոչող խաչքար, որը տեղադրվել է 2007թ. ապրիլին: Տեղի հայերը ամեն տարի այս օրերին հավաքվում են խաչքարի մոտ ոգեկոչման միջոցառումներ կազմակերպում:
Օրվա խորհրդի հետ կապված` ս.թ. ապրիլի 21-ին Amatøren ուսանողական միությունը, հայկական նախաձեռնություններից անկախ` կազմակերպել էր Ատոմ Էգոյանի հանրահայտ «Արարատ»իլմի ցուցադրություն:
Նորվեգիայի հայկական համայնքը տարբերվում է Եվրոպայի դասական հայկական համայնքներից, քանի որ այն համեմատաբար փոքրաթիվ է ու նոր: Համայնքը հիմնականում բաղկացած է Միջին Արեւելքից, Իրանից եւ Հայաստանից ոչ վաղ անցյալում ներգաղթած հայերից: Հայերը սփռված են Նորվեգիայի տարբեր մարզերով եւ չկայ հայաշատ ավաններ կամ թաղամասեր:




























