«Արմավիա» ավիաընկերությունը ՀՀ Հանրային խորհուրդ է ներկայացրել առողջացման ծրագիր; Այդ մասին այսօր՝ ապրիլի 25-ին Հանրային խորհրդի նիստում հայտարարեց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը;

«Արմավիայի» ներկայացուցիչը լրագրողներին բաժանեց առողջացման գրավոր ծրագիրը: Ըստ այդմ՝ «Արմավիան» առաջարկում է մի շարք քայլեր: Նախ՝ պետք է վերականգնել հավասարությունը (պարիտետ): Սա ըստ էության՝ ներկայացված նախագծի հիմնական կետն է; «Արմավիան» հայտարարում է, որ 2009 թ. հետո ավիափոխադրումների շուկայում խախտվել է պարիտետը հօգուտ ռուսական ավիաընկերությունների, իսկ ռուսական շուկային ու ԱՊՀ-ին բաժին է ընկնում ավիափոխադրումների 80%-ը: Մինչ 2009 թ. պարիտետը պահպանվել է ըստ ինքնաթիռի նստատեղերի՝ այսինքն հայկական եւ ռուսական ավիափոխադրողները որեւէ ուղղությամբ հավասար քանակությամբ ուղեւորներ փոխադրելու սկզբունք են մշակել: Սակայն 2009 թ. պարիտետը սահմանվել է ըստ չվերթների քանակի, ինչի արդյունքում ռուսական ավիաընկերությունները շահել են ավելի մեծ ինքնաթիռներ ունենալու շնորհիվ: Բացի այդ՝ Ռուսաստանը իրավունք ստացավ ավելացնել չվերթների քանակը, յուրաքանչյուր ուղղությամբ թռչում էր մի քանի ավիաընկերություն: Ըստ «Արմավիայի» բացատրության՝ մինչեւ պարիտետը չվերականգնվի նախկինի պես՝ հնարավոր չէ մրցակցել ռուսական ընկերությունների հետ:

«Արմավիայի» մյուս առաջարկներից ուշադրության է արժանի նաեւ ավիատոմսերից 10 հազ. դրամ պետական տուրքը հանելը (առավել հայտնի է «օդի հարկ» անվամբ), օդանավակայանի ծառայություններից օգտվելու համար զեղչի սահմանումը, պետության մասնակցություն «Արմավիայի» կապիտալում:

Նշենք, որ ապրիլի 1-ից «Արմավիան» դադարեցրել է թռիչքները՝ սնանկացման գործընթաց սկսելու պատրվակով, սակայն մինչ այսօր չի դիմել դատարան սնանկ հայտարարելու համար: