Վերջին օրերին Արարատյան հարթավայրում եւ հանրապետության նախալեռնային գոտում գիշերային ժամերին արձանագրաված բացասական ջերմաստիճանների հետեւանքով ցրտահարություններ են դիտվել հիմնականում Արարատի  մարզի Արտաշատի, Մասիսի եւ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանների առանձին համայնքների ցածրադիր տարածքներում:

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված համայնքներում ցրտահարությունից տուժել են վաղահաս  կարտոֆիլի, լոբազգի մշակաբույսերի ցանքերի եւ խաղողի այգիների որոշ հատվածներ:

Ցրտահարությունների հետեւանքները մեղմելու եւ բերքի կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից առաջարկվում է առաջնահերթության կարգով իրականացնել հետեւյալ ագրոտեխնիկական միջոցառումները:

Կարտոֆիլի եւ բանջարանոցային մշակաբույսերի ցանքերում՝

• կտրել եւ բույսերից հեռացնել վնասված հատվածները.

• բույսերի միջշարային եւ մերձբնային տարածքները փխրեցնել, սնուցել ազոտական պարարտանյութերով եւ ոռոգել.

• ապահովության համար, ցանկալի է կատարել բուժում սնկային հիվանդությունների դեմ.

Խաղողի վնասված այգիներում՝

• վազի վրայից հեռացնել ցրտահարված (սեւացած, չորացած) շվերը.

• ուժեղ աճ ունեցող հոռաշվերը, որոնց վրա բերք է ձեւավորվել պահպանել, անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելով հաջորդ տարի վազի ձեւավորման նպատակով.

• այգում կատարել միջշարային տարածությունների վար, սնուցում ազոտական պարարտանյութերով եւ ոռոգում.

• խորհուրդ է տրվում այգում կատարել առաջին բուժումը միլդյու հիվանդության եւ թրիպսների ու  տզերի դեմ.

Առաջարկվող միջոցառումների սեղմ ժամկետում իրականացնելու դեպքում կստեղծվեն լուրջ երաշխիքներ վնասված տարածքներից  բարձր բերք ստանալու համար: