«Առաքելություն» կուսակցությունը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը տեսնում է երկու ժողովուրդների փոխադարձ շփումների միջոցով, առանց արտաքին միջամտությունների, մասնավորապես, «ադրբեջանական շանտաժի»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու ընտրություններում «Առաքելություն» կուսակցության ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը՝ մեկնաբանելով իրենց կուսակցության մոտեցումը հայ-թուրքական հարաբերություններին:

Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից «Առաքելությունը» բացառում է Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը, քանի որ այն քննարկման ենթակա չէ: «Ցեղասպանության փաստն անժխտելի իրողություն է»,-ընդգծեց Առաքելյանը:

Միաժամանակ, նրա ներկայացմամբ՝ ինքն ու իր կուսակիցները հանդես են գալիս հայ-թուրքական սահմանը բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու օգտին՝ առանց նախապայմանների: