Այսօր` ապրիլի 25-ին Հայաստանի ԱԻ նախարարությունում ընդունել են հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի պատվիրակությանը, որտեղ ընդգրկված էին ներկայացուցիչներ Լեհաստանի պաշտպանության, էկոնոմիկայի, ֆինանսների, շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարություններից։

ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց միջպետական համագործակցության հանձնաժողովի 3-րդ նիստի արձանագրության մեջ նշված ոլորտներում իրականացված աշխատանքները.

«Վերջերս մեր սեյսմիկ պաշտպանության ծառայությունը, համագործակցության նպատակով, կապ է հաստատել Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի հետ եւ տնօրենին հրավիրել Հայաստան։ Վերջինս արագ արձագանքել է եւ պատրաստակամություն հայտնել միասին աշխատելու։ Լեհաստանի հետ փոխգործակցության մյուս ուղղությունը շրջակա միջավայրի պահպանությունն է` մասնավորապես պեստիցիդների ոչնչացումը։ Այս ոլորտում ՀՀ ԱԻ նախարարությունն աշխատել է Գլոբալ էկոլոգիական ֆոնդի (GEF) եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ։ Զգալի աշխատանք է կատարել նաեւ լեհական «Էկոտեխ» ընկերությունը` ուսումնասիրելով Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վիճակը։ Ներկայումս ԵԱՀԿ աջակցությամբ մի հոլանդական ընկերություն մշակում է պեստիցիդների ոչնչացման հնարավոր տարբերակները, որոնք մեզ կներկայացվեն աշնանը»։

Ս. Ազարյանը նշեց նաեւ, որ մեր երկրները շատ ընդհանրություններ ունեն եւ կարող են համագործակցել այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են հրշեջ եւ փրկարար ծառայությունների, ճգնաժամային կառավարման կենտրոնների փորձի փոխանակումն ու միջազգային չափանիշներին համապատասխան որոնողափրկարարական թիմերի պատրաստումը։

Լեհական պատվիրակության ղեկավար, էկոնոմիկայի փոխնախարար Տոմաշ Տոմչիկեւիչը վստահություն հայտնեց, որ Երկրի ֆիզիկայի ինստիտուտի եւ ՍՊԾ գործակալության միջեւ կծավալվի արդյունավետ համագործակցություն, եւ իր հերթին ՍՊԾ մասնագետներին հրավիրեց Լեհաստան` ծանոթանալու իրենց տեխնոլոգիաներին։

Շրջակա միջավայրի պահպանության նախարարի տեղակալ Ստանիսլավ Գավլովսկին հավելեց, որ «Էկոտեխ» ընկերությունը կարող է շարունակել աշխատանքները` կապված պեստիցիդների ոչնչացման հետ, քանի որ Լեհաստանում վերջին տարիներին բազմաթիվ նմանատիպ աշխատանքներ են իրականացվել եւ իրենք պատրաստ են կիսվել իրենց օգտակար փորձով։

ՓԾ տնօրեն Ս. Ազարյանն ընդգծեց, որ թունաքիմիկատների գերեզմանոցում առկա են սողանքային երեւույթներ, ինչը բարդացնում է խնդրին վերջնական լուծում տալու գործընթացը եւ հիմնավոր ուսումնասիրություններից ու բոլոր տարբերակների քննարկումից հետո միայն պետք է ընտրվի խնդրի լուծման ամենաարդյունավետ ու անվտանգ եղանակը։

Հանդիպման ավարտին լեհական պատվիրակության անդամները եղան ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում` ծանոթանալով դրա կառուցվածքին, առաքելությանը, գործունեության սկզբունքներին ու տեխնիկական հնարավորություններին։