Հայաստանի իշխանությունները իրենք էլ չեն հավատում բացատրություններին, որոնք բերում են, որպեսզի հիմնավորեն արտագաղթի բարձր մակարդակը: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, հայտարարել է ԱԳ նախկին նախարար, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը:

Նա ընդգծել է, որ այսօրվա արտագաղթի պայմաններում հնարավոր չէ ապահովել տնտեսական աճ: «Արտագաղթը պետք է դադարեցնել: Առաջին հերթին մարդկանց պետք է հույս տալ, հետո ապահովել աշխատատեղերով»,-հայտարարել է Օսկանյանը՝ հավելելով, որ նույնիսկ պաշտոնական թվերով երկրում մեծ թիվ են կազմում դժգոհները:

«ԲՀԿ-ն իր թվաքանակով երկրորդ ուժն է խորհրդարանում, ով ունի ռեսուրսներ եւ որ ամենակարեւորն է, քաղաքական կամք՝ իր խոստումները կատարելու համար»,-հայտարարել է Օսկանյանը՝ կրկին ընդգծելով, որ Երեւանի քաղաքապետը պարտավոր է պարբերաբար հանդիպել քաղաքի բնակիչների հետ եւ դա անի նաեւ ընտրություններից հետո:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշել է, որ երկրում իշխող քաղաքական ուժը պետությունը դիտարկում է որպես իր սեփականություն եւ որպես օրինակ բերեց ՀՀԿ-ի ներկայացուցիչներից մեկին, ով պետական տենդերների հարցում պայմանավորվածությունների մասին ԲՀԿ-ի հարցին ի պատասխան արձագանքել էր. «Այդպես էլ ասեիք, մենք ձեզ տենդեր կտայինք»: «Դա շատ անկեղծ պատասխան էր»,-հայտարարել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ իշխանությունները պետք են հիասթափված քաղաքացիներ, քանի որ նրանց հեշտ է կառավարել: