Հայաստանի կառավարության նպատակը աշխատատեղերի ստեղծումը եւ արտադրության ապահովումը չէ. այս կառավարության գործունեության ընթացքում երկրի արտաքին պարտքն զգալիորեն աճել է: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնական զբաղեցնող, գործարար Գուրգեն Արսենյանը:

Նրա խոսքով՝ բնակչության մեկ շնչին ընկնող արտաքին պարտքը կազմում է մոտ հազար դոլար յուրաքանչյուր բնակչի համար եւ իշխանությունները դա փոխհատուցելու են հարկերը բարձրացնելով: Եթե ընտրողները քվեարկեն ԲՀԿ-ի օգտին, Արսենյանը խոստանում է մեկ տարում Երեւանում նոր 12 մանկապարտեզ բացել, թոշակառուներին ապահովել քաղաքային տրանսպորտով անվճար երթեւեկելու հնարավորությամբ, պարզել գազի ու հեռախոսի համար հսկայական հաշիվների ծագումը: «Դուք չե՞ք նկատել տարօրինակ մի երեւույթ, գազօջախի վրա դրված ջուրն ավելի ուշ է տաքանում»,-ասել է նա, որը բուռն ծափահարություններով է ընդունվել: