Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրառում է արել Մեծ Եղեռնի վերաբերյալ: Նա, մասնավորապես, գրել է.

«Շատերիս նախնիները մազապուրծ լինելով Մեծ Եղեռնից կենդանի մնացին՝ պահպանելով մեր ազգի շարունակականությունը: Իմ պապը՝ Սարգիսը, յոթ զավակներից միակն էր, ով կարողացավ փրկվել ոճրագործությունից եւ 14 տարեկան հասակում բնակություն հաստատեց Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Այնուհետեւ տեղափոխվեց Հայաստան եւ բնակվեց Կիրովականում, որտեղ էլ 1970թ.-ին կնքեց իր մահկանացուն՝ սրտում ունենալով իր Երկիր վերադառնալու չիրականացված երազանքը: Պապս, ի հիշատակ իր քույրերի եւ եղբայրների, ովքեր զոհ գնացին Ցեղասպանությանը, յոթ զավակ ունեցավ եւ իր զավակներին անվանեց նրանց անուններով:

Մայրական կողմի պապս՝ Անդրանիկը, նույնպես Էրզրումի Մանց գյուղից էր: Երկու պապերս դեռ այնտեղից էին ճանաչում միմյանց: Հետագայում, պատահաբար հանդիպելով Երեւանում, այլեւս չբաժանվեցին միմյանցից եւ երկու հարազատ եղբոր պես ապրեցին իրենց ամբողջ կյանքը: Անդրանիկի եւ Սարգսի զավակներն ամուսնացան ու իրենց փոքրիկ ավանդն ունեցան մեր ազգի հարատեւման գործում, ինչպես հազարավոր այլ վերապրածների զավակներ:

Միլիոնավոր հայ ընտանիքներ ունեն կյանքի պատմության այսպիսի էջեր եւ, ցավոք, իմ ընտանիքի պատմությունը բացառիկ չէ: Ողբերգությամբ լի էր մեր ժողովրդի պատմությունը եւ, որպես հետեւանք, շատ մեծ է գոյատեւելու ձգտումը: Այսօր մենք աշխարհում գոյություն ունեցող ամենահին ժողովուրդներից մեկն ենք եւ հպարտ ենք դրանով: Միաժամանակ պարտավոր ենք գոյատեւելու, մեր անկոտրում կարողությունը  վերածել զարգանալու եւ հզորանալու ունակության եւ առաջատար դիրքեր զբաղեցնել ազգերի մրցակցության պայքարում: Դա կլինի լավագույն ձեւը մեր նախնիների հիշատակը հավերժացնելու գործում:

Ապրիլի 24-ի երեկոյան լսելով Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը», մեկ անգամ եւս համոզվեցի, որ մենք դա կարող ենք»: