NEWS.am-ի տեղեկություններով, քիչ առաջ Գյումրիի ոստիկանությունից, որտեղ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություն է հրավիրել, դուրս են եկել ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու նրա հայրը: Նրանք եւս կանչվել էին այդ խորհրդակցությանը:
Ըստ մեր տեղեկությունների, Վլադիմիր Գասպարյանը հրավիրել է աղմկահարույց սպանության գործով հակամարտող կողմերին՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի կողմնակիցներին:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ է քննարկվել Մարտուն Գրիգորյանի եւ նրա հոր հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Գյումրիում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշել էր, որ հակամարտող երկու կողմն էլ առաջնորդվում են գողական գաղափարներով եւ ցուցմունքներ չեն տալիս, սակայն ոստիկանությունը նախկինը չէ, որ ուժ կիրառի, որպեսզի խոսեն: Նույնիսկ նշել էր, թե պատգամավորներից մեկը զանգահարել է իրեն ու բարեխոսել, թե կարո՞ղ է կողմերից մեկը բանավոր խոսել, բայց գրավոր ցուցմունք չտալ:
«Կոչ եմ անում, եթե հասարակությանը համահունչ չեն ապրի, իրենք հասարակությունից կմեկուսացվեն ու կլինեն այնտեղ, որտեղ որ պետք է լինեն, անկախ իրենց դիրքերից»,-սպառնացել էր Վլադիմիր Գասպարյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել է:Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Գործով ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Վահե Ղուկասյանը, ով կրակել էր Հարություն Խաչատրյանի («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանի («Շեկո») վրա, իսկ նախկին քաղաքապետի մյուս եղբորորդին` Նիկոլայ Ղուկասյանը Բագրատաշեն սահմանակետից բերման էր ենթարկվել, ապա` ազատ արձակվել: Քիչ առաջ ձերբակալվել է նաեւ «Քավոր Հարութի» որդին՝ Գեւորգ Խաչատրյանը:
Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:




























