«Յունիբանկի» գլխամասային գրասենյակում, ապրիլի 22-ին, կայացավ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որում ամփոփվեցին բանկի 2012թ.-ի գործունեության արդյունքները: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասրակայանության հետ կապերի ծառայությունից:
Հիմնական ցուցանիշների գծով «Յունիբանկն» ընդգրկված է ՀՀ բանկերի առաջին տասնյակում: 31.12.12թ.-ի դրությամբ «Յունիբանկի» ակտիվները գերազանցել են 138 մլրդ դրամը` ավելանալով նախորդ տարվա ցուցանիշի համեմատ 21%-ով: Բանկի վարկային ներդրումներն աճել են 16%-ով եւ կազմել 98 մլրդ դրամ: Այդ ցուցանիշով «Յունիբանկը» ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է 7-րդ տեղը:
Բանկի վարկային պորտֆելի 32%-ը բաժին է ընկնում փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը: Միայն հաշվետու տարում ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի ծավալն ավելացել է 36%-ով: Հաշվի առնելով հաճախորդների պահանջարկը եւ բիզնես ուղղությունների առանձնահատկությունները, «Յունիբանկը» ՓՄՁ-ների համար մշակել է նոր վարկատեսակ` «Երկարաժամկետ», որը վարկառուին տրամադրվում է մինչեւ 10 տարի մարման ժամկետով:
«Յունիբանկի» կողմից տրամադրված մանրածախ վարկերի ծավալը հաշվետու տարում աճել է 38%-ով: Սպառողական վարկերի ծավալով «Յունիբանկը» ՀՀ առաջատար բանկերի հնգյակում է:
«Յունիբանկի» պարտավորությունները 2012թ.-ին աճել են 23%-ով եւ կազմել 120 մլրդ դրամ: Բանկը զբաղեցրել է առաջատար դիրք ժամկետային ավանդների գծով, ինչը վկայում է բանկի հանդեպ բարձր վստահության մասին: «Յունիբանկի» շահույթը հաշվետու տարում կազմել է 1,6 մլրդ դրամ:



























