Հայաստանի Հանրապետության փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) կողմից սկսնակ գործարարներին տրամադրված ֆինանսական աջակցության (երաշխավորության) մի մասն իր նպատակին չի ծառայել: Ըստ ՀՀ Վերահսկիչ պալատի ուսումնասիրության` ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից 2010թ. երաշխավորությամբ մինչեւ 3 մլն դրամ վարկ ստացած 30 կազմակերպություններից  ուսումնասիրության պահին գործում էին 8-ը, 2011 թ.` 17-ից 8-ը, իսկ 2012 թ. վարկավորված 130 սուբյեկտներից 11-ն արդեն իսկ լուծարվել կամ դադարեցրել են գործունեությունը: Հաշվետվության մեջ նշված են կոնկրետ օրինակներ.

- 2010 թ. խմորեղենի արտադրություն հիմնելու նպատակով «Աստղիկ Քոչարյան» Ա/Ձ-ի կողմից ստացված 1,7 մլն դրամի վարկն օգտագործվել է ոչ նպատակային, որի արդյունքում Ա/Ձ-ն 16.11.2010 թ. դադարեցրել է իր գործունեությունը:

- 2012 թ. ավտոբուս ձեռք բերելու նպատակով «Սարգիս Ավետիսյան» Ա/Ձ-ի կողմից ստացված 2 մլն դրամի միջոցները ոչ նպատակային օգտագործելու արդյունքում 16.10.2012 թ. Ա/Ձ-ն դադարեցրել է իր գործունեությունը:

- «ԷՄ ԸՆԴ ԴԱՎ ՖԱՐՄ» ՍՊԸ-ի կողմից 2012 թ. ստացված 2,7 մլն դրամը նպատակային չօգտագործելու հետեւանքով դեղատնային գործունեություն չի կազմակերպվել:

- 2012 թ. ավտոմեքենաների շարժիչների քիմիական լվացման համար «ԱՐԹԳԱԲ-ՏԵԽ» ՍՊԸ-ն ստացած 3 մլն դրամի հաշվին դեռեւս չի ձեռք բերել հիմնական միջոցներ, որի հետեւանքով գործունեություն չի իրականացնում:

Վերահսկիչ պալատը նաեւ նշել է, որ մի շարք դեպքերում ֆինանսական աջակցությունը ցուցաբերվել է տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած ոչ հավաստի տեղեկատվության վրա: