ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 26-ին,  քննարկեց երկրորդ ընթերցման ներկայացված «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւ տվեց դրական եզրակացություն:

Նույն օրը Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան ՀՀ կառավարության հեղինակած մի շարք օրինագծեր:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է օրենսգրքերը լրացնել նոր հոդվածով, որը թույլ կտա իրականացնել արտագնա դատական նիստեր: Արդարադատության նախարարի տեղեկացմամբ՝ գործող ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի սահմանում արտագնա դատական նիստերի անցկացման հիմքերը, կարգը եւ արտագնա դատական նիստ նշանակելու մասին որոշմանը ներկայացվող պահանջները, ուստի այս նախագծով առաջարկվում է լրացնել օրենսդրությունը:

Մասնավորապես, առաջարկվում է քաղաքացիական դատավարությունում որպես արտագնա դատական նիստի անցկացման հիմք սահմանել դատական նիստերի դահլիճում ապացույցի հետազոտումը կատարելու անհնարինությունը կամ գործով ապացույցների հետազոտման էական դժվարությունների առաջացման հանգամանքը:

Օրինագիծը կընդգրկվի ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկեց «Արդարադատության ակադեմիայի մասին» եւ հարակից օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ ստացվել են բազմաթիվ առաջարկներ, որոնց մեծ մասն ընդունվել է: Նա նշեց, որ ՀՀ Արդարադատության ակադեմիան կսկսի գործել 2014 թվականի հունվարի 1-ից, իսկ մինչ այդ՝ կլուծարվեն ՀՀ դատական եւ դատախազական դպրոցները: Շուրջ 2500 քմ տարածք ունեցող դպրոցում բացի դասասենյակներից, կլինի նաեւ հյուրանոցային համալիր՝ նախատեսված մարզերից ժամանած ուսանողների համար:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաեւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը վերաբերում է զինվորական հանցագործություններին: Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ ընդունվել են ստացված առաջարկները: