Անկախության օրվա կապակցությամբ զորահանդես չի նախատեսվում, այսօր` ապրիլի 26-ին լրագրողներին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, հատուկ հանձնաժողովի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

 «Ռազմական բաղադրիչը կներկայացվի ստուգման տեսքով: Մեր զինվորականները` այն մարդիկ, ովքեր մեզ պաշտպանում են, վրացական պետականության կայունության երաշխիքն են, մեզ հետ կլինեն: Երթ չի լինի, զինվորները կանգնած կլինեն»,- Անկախության օրվան նվիրված միջոցառումներ կազմակերպող հանձնաժողովի առաջին նիստից հետո հայտարարել է Մարգվելաշվիլին, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Ինչ վերաբերում է մայիսի 26-ի միջոցառումներին Վրաստանի նախագահի մասնակցությանը, համակարգող խմբի ղեկավարը նշել է. «Բարեբախտաբար Վրաստանի նախագահին ես չեմ կառավարում», հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:

Վրաստանի Անկախության օրը նշվում է մայիսի 26-ին: Ամեն տարի այդ օրը «Միացյալ ազգային շարժման» կառավարությունը զորահանդես էր կազմակերպում, իսկ «Վրացական երազանք»-ի իշխանության գալուց հետո վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ այժմ անցանկալի է վրացական ուժերի ցուցադրումը: Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Աֆղանստան եւ չընդունել զորահանդեսը, միայն թե այն իրականացվի: