Երեւանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ ապրիլի 23-ին, iLur.am-ի լրագրող Հակոբ Կարապետյանի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու եւ բռնություն կիրառելու դեպքի կապակցությամբ, այսօր՝ ապրիլի 26-ին Նոր Նորքի քննչական բաժին են հրավիրվել Հակոբ Կարապետյանն ու նրան հարվածող Աշոտ Պապայանը, որոնցից ոստիկանության ծառայողները բացատրություններ են վերցրել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հակոբ Կարապետյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում նյութերի նախապատրաստումը շարունակվում է: Քրեական գործ դեռ չի հարուցվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նոր Նորքի 8-րդ զանգվածում հարձակման է ենթարկվել iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը, ով այնտեղ էր գտնվում Տարոն Մարգարյանի քարոզարշավը լուսաբանելու համար: Ըստ iLur.am-ի, մինչեւ Մարգարյանի ժամանելը լրագրողը փորձել է տեսանկարահանել, թե ինչպես են կազմակերպիչները «ԳԱԶել»-ներից փուչիկներ հանում եւ բաժանում, երբ նրան են մոտեցել անհայտ անձինք, սկզբում արգելել են տեսանկարահանել, քաշքշել են, իսկ երբ լրագրողը հրաժարվել է, ձեռքից խլել են տեսանկարահանող սարքը:

Որոշ ժամանակ անց վերջիններս վերադարձրել են նկարահանող սարքը, սակայն բոլոր տեսանյութերը ջնջելուց հետո:

Ըստ կայքի տվյալների՝ հարվածողը Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու, «Տուրբո» մականունով հայտնի Աշոտ Պապայանն է:

Դեպքի առնչությամբ դատապարտող հայտարարություն է տարածել ՀԱԿ կուսակցությունը: