Եթե առաջիկա կիրակի օրը լինեն Երեւանի ավագանու ընտրությունները, ապա երեւանցիների 41,5 տոկոսը ձայնը կտա Հանրապետական կուսակցության, իսկ 14,5 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով իրենց կատարած հետազոտության արդյունքները։
«Բարեւ, Երեւան» դաշինքին իր ձայնը կտա ընտրողների 7,9 տոկոսը, «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ 3,7 տոկոսը, ՀՅԴ-ին՝ 3,1 տոկոսը, ՀԱԿ-ինը՝ 2,9 տոկոսը, «Առաքելությանը»՝ 0,3 տոկոսը։ Հարցին դժվարացել է պատասխանել 26, 1 տոկոսը։
Հարցմանը մասնակցածներից 57, 6 տոկոսը քաղաքապետի պաշտոնում տեսնում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Վարդան Օսկանյանին՝ 5,9 տոկոսը, Արմեն Երիցյանին՝ 3, 8 տոկոս, Արմեն Մարտիրոսյանին՝ 3,7 տոկոս, Վահագն Խաչատրյանին՝ 2,3 տոկոս, Արմեն Ռուստամյանին՝ 1,8 տոկոսը, Գուրգեն Արսենյանին՝ 1, 7 տոկոս, Մեսրոպ Առաքելյանին ՝ 0, 1 տոկոս, դժվարացեկ է պատասխանել 17, 9 տոկոսը։
Իսկ թե ինչու է բնակչության մեծ մասը քաղաքապետի պաշտոնում տեսնում հենց Տարոն Մարգարյանին, ապա հարցվածները նշել են մի քանի հատկանիշներ՝ ծանոթ են աշխատանքին, տեսել են այն, իրականցրել է դրական փոփոխություններ, լավ, վստահելի, խելացի մարդ է, աշխատում է ժողովրդի համար։
Ասոցիացիան նաեւ համեմատական հետազոտություն է անցկացրել կուսակցության եւ թեկնածուների միջեւ։
Տարոն Մարգարյանին ավելի շատ ձայն կտան, քան ՀՀԿ-ին, ՕԵԿ-ի դեպքում եւս Արմեն Երիցյանը 0,1 տոկոսով ավելի շատ ձայն կստանա, քան այդ կուսակցությունը։
Մնացած ուժերի դեպքում՝ ԲՀԿ, «Բարեւ, Երեւան», ՀՅԴ, ՀԱԿ-ի դեպքերում ավելի շատ ձայն կտան այդ քաղաքական ուժերին, քան թեկնածուներին։
Նշենք, որ GALLUP International association-ը երրորդ անգամ է իրականացնում նմանատիպ հետազոտություն, առաջին փուլը իրականացրել է նոյեմբերին, երկրորդը՝ փետրվարին, սա արդեն երրորդ փուլն է։ Հետազոտությունը անց է կացվել 1066 ընտրողների շրջանում՝ դեմ առ դեմ հարցումների միջոցով։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























