GALLUP International association-ի հարցման արդյունքների համաձայն՝  երեւանցիների 21,3 տոկոսը իրական ընդդիմություն համարում է «Բարեւ Երեւան» դաշինքին, 16,8 տոկոսը՝  Հայ ազգային կոնգրես կուսակցությանը։ Այս մասին այսօր՝  ապրիլի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով իրենց կատարած հետազոտության արդյունքները։

ԲՀԿ-ին ընդդիմություն համարում է 14, 2  տոկոսը, ՀՅԴ-ին՝ 9,1տոկոսը, ՕԵԿ-ին՝  6,6 տոկոսը, «Առաքելությանը»՝  3,6 տոկոսը։  Հարցմանը մասնակիցների 25, 2  տոկոսը կարծում է, որ չկա ընդդիմություն, իսկ 35, 7  տոկոսը դժվարանում է պատասխանել հարցին։  Արամ Նավասարդյանը կոչ է անում քաղաքական ուժերին ոչ թե կռվել ներկայացված թվերի հետ, այլ դրանք օգտագործել։

Հարցմանը մասնակիցները գնահատել են նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակացող ուժերի քարոզարշավը, ծրագիրը, կարգախոսը։

Հինգ բալանոց սանդղակով ՀՀԿ-ի քարոզարշավը գնահատվել է 3, 9 տոկոս,  ԲՀԿ-ինը՝  3, 7 տոկոս, «Բարեւ Երեւան» դաշինքինը՝  3,2 տոկոս, ՀՅԴ-ինը՝  2,9 տոկոս, ՀԱԿ-ին եւ «Առաքելությանը»՝  2,6 տոկոս, ՕԵԿ-ին՝ 2, 5 տոկոս։

Բնակիչները ամենաշատը տեղյակ են ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի քարոզարշավից, իսկ ամենաքիչը՝ «Առաքելության», ՀԱԿ-ի քարոզարշավից։  Նախընտրական քարոզարշավի վերաբերյալ քաղաքացիների տեղեկացման աղբյուրը հեռուստատեսությունն է՝  մոտ ութսուն տոկոս, այնուհետեւ՝ ինտերնետը՝   15, 9  տոկոս,  ապա մամուլը, ռադիոն եւ բակային հանդիպումները:

Հարցմանը մասնակիցները գնահատել են նաեւ քաղաքական ուժերի կարգախոսները։ Ըստ այդմ՝ ՀՀԿ-ի «Ավելի լավ Երեւան»  եւ ԲՀԿ-ի՝ «Փոխելու ենք» կարգախոսները համապատասխանում են նրանց գործունեությանը,  իսկ ՕԵԿ-ի «Մենք կարող ենք ավելին» եւ ՀԱԿ-ի «Իշխանությունը՝ քաղաքացուն» կարգախոսները չեն համապատասխանում իրենց գործունեությանը։

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի ծրագրերի գնահատմանը, ապա ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը գնահատվել է  4 միավոր,  ԲՀԿ-ինը՝ 3,7 միավոր, «Բարեւ, Երեւան» դաշինքինը»՝ 3,1 միավոր, ՀՅԴ-ինը՝ 2,8 միավոր, ՀԱԿ-ինը եւ «Առաքելությանը»՝  2,6 միավոր, իսկ ՕԵԿ-ինը՝  2,5  միավոր։

Նշենք, որ GALLUP International association-ը երրորդ անգամ է  իրականացնում նմանատիպ հետազոտություն, առաջին փուլը իրականացրել է նոյեմբերին, երկրորդը՝ փետրվարին, սա արդեն երրորդ փուլն է։ Հետազոտությունը անց է կացվել 1066 ընտրողների շրջանում՝ դեմ առ դեմ հարցումների միջոցով։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am